ios ios
feet

Հովհաննեսի Ավետարան

Ճշմարիտ պատմություն



Եվ Բանը մարմին դարձավ

1Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր։ 2Նա սկզբում Աստծու մոտ էր։ 3Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ 4Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։ 5Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ 6Կար մի մարդ՝ ուղարկված Աստծու կողմից, և նրա անունը Հովհաննես էր։ 7Նա եկավ որպես վկա՝ Լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան։ 8Նա Լույսը չէր, այլ եկել էր Լույսի մասին վկայելու։ 9Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ 10Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ 12Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ 13Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ 14Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։ 15Հովհաննեսը նրա մասին վկայում է ու աղաղակելով ասում. «Սա էր, որի մասին ասացի. "Նա, որ գալիս է ինձանից հետո, ինձանից ավելի մեծ է, որովհետև ինձանից առաջ էր"»։ 16Եվ նրա լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհը ստացանք. 17որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ 18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա՛ է մեզ նրա մասին հայտնել։




Տաճարում առևտուր անողների վտարումը

13Մոտենում էր հրեաների Զատիկը։ Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ։ 14Եվ տաճարում տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ 15Հիսուսը պարանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։ 16Նա աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք»։ 17Եվ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» (Սաղ. 69.9ա)։ 18Հրեաները նրան հարցրին. «Ի՞նչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու»։ 19Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. «Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում ես կվերականգնեմ այն»։ 20Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, իսկ դու երեք օրո՞ւմ այն կվերականգնես»։ 21Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ 22Իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում, և հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։ 23Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը՝ տեսնելով նրա գործած հրաշքները։ 24Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր։ 25Եվ կարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր՝ ի՛նչ կար մարդու մեջ։



Հիսուսը և Նիկոդեմոսը

1Փարիսեցիներից մի մարդ կար՝ Նիկոդեմոս անունով, որ հրեաների իշխանավոր էր։ 2Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. «Ռա՛բբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։ 3Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։ 4Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։ 5Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։ 6Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ 7Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. "Դուք պետք է վերստին ծնվեք"։ 8Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է և Հոգուց ծնված ամեն ոք»։ 9Նիկոդեմոսը հարցրեց ու նրան ասաց. «Դա ինչպե՞ս կարող է լինել»։ 10Հիսուսը պատասխանեց նրան. «Դու Իսրայելի վարդապետն ես ու դա չգիտե՞ս։ 11Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. ասում ենք այն, ինչ գիտենք, վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ 12Եթե ձեզ երկրային բաներն ասացի, ու ինձ չեք հավատում, հապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։ 13Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից և որ երկնքում է։ 14Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, 15որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ 16Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ 19Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ 20Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։



Սամարացի կինը

1Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում և մկրտում, քան Հովհաննեսը 2(թեև Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները), 3թողեց Հուդայի երկիրն ու կրկին Գալիլեա եկավ։ 4Եվ պետք է Սամարիայի միջով անցներ։ 5Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ 6Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը։ Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց այդ աղբյուրի մոտ։ Վեցերորդ ժամն էր։ 7Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջո՛ւր տուր՝ խմեմ». 8քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ 9Սամարացի կինը նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձանից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում». որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում։ 10Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ "Ինձ խմելու ջո՛ւր տուր", ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ 11Կինը նրան ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։ 12Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց. ինքը, իր որդիներն ու հոտերը խմել են սրանից»։ 13Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ 14Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ 15Կինը նրան ասաց. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու»։ 16Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր ու այստե՛ղ արի»։ 17Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր՝ "Ամուսին չունեմ", 18որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր»։ 19Կինը նրան ասաց. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ 20Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։ 21Հիսուսը նրան ասաց. «Կի՛ն, հավատա՛ ինձ, որ ժամանակը կգա, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը։ 22Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք. որովհետև փրկությունը հրեաներից է։ 23Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ 24Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։ 25Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ Քրիստոս է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ 26Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։ 27Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց՝ «Ի՞նչ ես ուզում» կամ «Դրա հետ ի՞նչ ես խոսում»։ 28Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. 29«Եկեք տեսե՛ք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։ 30Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։ 31Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռա՛բբի, հա՛ց կեր»։ 32Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ 33Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելի՞ք է բերել»։ 34Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտին հասցնեմ։ 35Արդյոք դո՞ւք չեք ասում. "Չորս ամիս ևս, և հունձը կհասնի"։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը ու տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել հնձի համար։ 36Հնձողը վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան և՛ սերմանողը, և՛ հնձողը։ 37Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ "Այլ է սերմանողը, և այլ՝ հնձողը"։ 38Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։ 39Եվ այն քաղաքի սամարացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել էի»։ 40Արդ երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց։ 41Եվ ուրիշ շատերն էլ նրա խոսքի համար հավատացին նրան։ 42Եվ կնոջն ասում էին. «Այլևս ոչ թե քո խոսքերի՛ համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի Փրկիչը»։



Մարդու Որդու իշխանությունը

19Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ինքն իրենից ոչինչ անել չի կարող, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, Որդին էլ է նույնը գործում։ 20Որովհետև Հայրը սիրում է Որդուն և ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, և նրան է՛լ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։ 21Որովհետև ինչպես Հայրն է մեռելներին հարություն տալիս և կենդանացնում, այնպես էլ Որդին ում կամենում է, կենդանացնում է։ 22Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել, 23որպեսզի բոլորը Որդուն պատվեն, ինչպես Հորն են պատվում. ով Որդուն չի պատվում, չի պատվում նաև Հորը, որ ուղարկել է նրան։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ 25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, ու ովքեր լսեն, կապրեն։ 26Որովհետև ինչպես Հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։ 27Եվ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որովհետև նա Մարդու Որդին է։ 28Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։ 29Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։ 30Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ես իմ կամքը չեմկատարում, այլ ինձ ուղարկողի կամքը։



Հիսուսը՝ կենաց հաց

25Եվ երբ նրան գտան լճի մյուս կողմում, ասացին. «Ռա՛բբի, ե՞րբ այստեղ եկար»։ 26Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։ 27Աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այդ կերակուրը ձեզ կտա Մարդու Որդին, որովհետև Հայրը՝ Աստված, նրան այդ գործն անելու իշխանություն է շնորհել»։ 28Արդ նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։ 29Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։ 30Եվ նրան ասացին. «Դու ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու քեզ հավատանք, ի՞նչ կգործես։ 31Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. "Երկնքից նրանց ուտելու հաց տվեց" (Սաղ. 78.24)»։ 32Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից, 33որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։ 34Նրանք ասացին Հիսուսին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ 35Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ 36Բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։ 37Նա, ում Հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի, 38որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ 39Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ 40Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։ 41Այդժամ հրեաները վրդովվում էին, որ ասաց. «Ես եմ երկնքից իջած հացը»։ 42Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞, Հովսեփի որդին, որի հորն ու մորը ճանաչում ենք։ Հիմա ինչպե՞ս է ասում՝ "Ես երկնքից եմ իջել"»։ 43Հիսուսը պատասխանեց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք։ 44Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան դեպի ինձ չբերի Հայրը, որն ինձ ուղարկեց, և ես վերջին օրը հարություն կտամ նրան։ 45Մարգարեների գրքերում գրված է. "Աստված ինքը բոլորին կուսուցանի" (Ես. 54.13ա)։ Արդ, ով Հորից լսում ու սովորում է, ինձ մոտ է գալիս։ 46Բայց ոչ ոք չի տեսել Հորը. միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ 48Ես եմ կյանքի հացը։ 49Ձեր հայրերն անապատում կերան մանանան, բայց մեռան։ 50Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ 51Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։ 52Այդժամ հրեաները միմյանց հետ վիճաբանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ 53Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ 54Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։ 55Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։ 56Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ՝ նրա հետ։ 57Ինչպես կենդանի Հայրը ինձ ուղարկեց, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կապրի ինձանով։ 58Սա է այն հացը, որ երկնքից է իջել, և ո՛չ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Նա, ով ուտի այս հացը, հավիտյան կապրի»։ 59Հիսուսն այս ասաց ժողովարանում, երբ Կափառնաումում ուսուցանում էր։



Հիսուսը՝ լույսն աշխարհի

12Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։ 13Այդժամ փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ ես քո մասին վկայում. քո վկայությունը ճշմարիտ չէ»։ 14Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Թեև ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ 15Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում։ 16Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ես եմ ու Հայրը, որն ուղարկեց ինձ։ 17Եվ ձեր օրենքում իսկ գրված է. "Երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է"։ 18Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է նաև Հայրը, որն ուղարկեց ինձ»։ 19Արդ նրան հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ գիտեք, ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»։ 20Հիսուսն այս խոսքերն ասաց գանձատանը, երբ նրանց ուսուցանում էր տաճարում։ Եվ նրան ոչ ոք չբռնեց, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։



Ի ծնե կույրի բժշկումը

1Մինչ Հիսուսն անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ 2Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռա՛բբի, ո՞վ է մեղանչել, որ նա կույր է ծնվել. նա՞, թե՞ նրա ծնողները»։ 3Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ նա է մեղանչել, ո՛չ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան։ 4Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։ 5Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի»։ 6Այս ասելով՝ թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին 7ու նրան ասաց. «Գնա լվացվի՛ր Սիլովամի ավազանում» (որ նշանակում է «Ուղարկված»)։ Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր։ 8Այդժամ հարևաններն ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, ասում էին. «Այդ նա չէ՞, որ նստած մուրում էր»։ 9Ոմանք ասում էին՝ «Նա է», ուրիշներն էլ՝ «Նրան նման է»։ Սակայն ինքն ասում էր՝ «Ես եմ»։ 10Արդ նրան հարցնում էին. «Հապա աչքերդ ինչպե՞ս բացվեցին»։ 11Նա պատասխանեց. «Մի մարդ, անունը՝ Հիսուս, կավ շինեց, աչքերիս քսեց և ինձ ասաց. "Գնա՛ Սիլովամ ու լվացվի՛ր"։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ 12Եվ նրան ասացին. «Որտե՞ղ է նա»։ Ասաց. «Չգիտեմ»։



Բարի հովիվը

7Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես եմ ոչխարների դուռը։ 8Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են, ուստի ոչխարները նրանց չեն լսել։ 9Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի։ 10Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ 11Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ 12Բայց վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում։ 13Իսկ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է և ոչխարներին հոգ չի տանում։ 14Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ։ 15Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար։ 16Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է առաջնորդեմ, և իմ ձայնը կլսեն ու կդառնան մեկ հոտ՝ մեկ հովիվով։ 17Իմ Հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ 18Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս. ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել»։ 19Արդ, այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկպառակություն առաջացավ։ 20Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի և մոլագար է. ինչո՞ւ եք դրան լսում»։ 21Ուրիշներն էլ ասում էին. «Այս խոսքերը դիվահարի խոսքեր չեն. մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բացել»։



Փառավորում՝ մահվամբ

20Երուսաղեմ բարձրացածների մեջ կային որոշ հույներ, որոնք եկել էին տոնին՝ երկրպագություն անելու։ 21Նրանք եկան Փիլիպպոսի մոտ, որը Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր. խնդրում էին նրան և ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ 22Փիլիպպոսը եկավ և Անդրեասին ասաց, ապա Անդրեասն ու Փիլիպպոսն ասացին Հիսուսին։ 23Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ 25Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ 26Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, և որտեղ ես եմ, իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը։



Նոր պատվիրանը

31Երբ նա գնաց, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին պիտի փառավորվի, Աստված էլ նրանով պիտի փառավորվի։ 32Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ 33Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ "Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ", հիմա էլ ձեզ եմ ասում։ 34Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ 35Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։



Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք

1«Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ 2Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ 3Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ 4Եվ ուր ես գնում եմ, գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։ 5Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։ 6Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ 7Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան և տեսաք»։ 8Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։ 9Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. "Ցո՛ւյց տուր մեզ Հորը"։ 10Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։ 11Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։ 12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։ 13Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ 14Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։

Ճշմարտության Հոգին

15Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ 16Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. 17ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ 18Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։ 19Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ 20Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։ 21Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։ 22Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։ 23Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ 24Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ 25Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ 26Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ 27Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։ 28Լսեցիք, որ ձեզ ասացի. "Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ"։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. "Հոր մոտ եմ գնում", որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։ 29Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։ 30Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ 31Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Վե՛ր կացեք գնանք այստեղից»։



Հիսուսը՝ ճշմարիտ որթատունկ

1«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ 2Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ 3Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։ 4Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ 6Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ 7Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ 8Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ 9Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ 10Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ 11Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ 12Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ 13Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ 14Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ 15Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ 16Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ 17Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։



Աղոթք առ Հայր

1Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ 2Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ 3Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։ 4Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։ 5Իսկ հիմա, Հա՛յր, դո՛ւ ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ 6Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, և քո խոսքը պահեցին։ 7Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քեզանից է, 8որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա, ու հավատացին, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ 9Ես նրանց համար եմ խնդրում և ոչ աշխարհի, նրանց համար, որոնց ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ 10Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։ 11Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են. և ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։ 12Երբ ես աշխարհում նրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը։ 13Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։ 14Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ 15Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ 16Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ 17Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է։ 18Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ 19Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ 20Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, 21որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ 22Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ 23Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ 24Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։ 25Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ 26Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։



Հիսուսի մահը

28Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ 29Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։ 30Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։ 31Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ու նրանց վերցնեն։ 32Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, ապա նրա հետ խաչը հանված մյուսինը։ 33Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ 34Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։ 35Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։ 36Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» (Ելք 12.46, Թվ. 9.12, Սաղ. 34.20)։ 37Եվ մեկ այլ գրված ասում է. «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» (Զաք. 12.10)։



Հիսուսի երևումները

19Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 20Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ 21Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ 22Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ 23Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։